Թրամփը հանձնարարել է սկսել Ազգային գվարդիայի դուրսբերումը Վաշինգտոնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է սկսել Ազգային գվարդիայի դուրսբերումը Վաշինգտոնից՝ հայտարարելով, որ իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության տակ:
«Ես հենց նոր հրահանգեցի մեր Ազգային գվարդիային սկսել զորքերի դուրսբերման գործընթացը Վաշինգտոնից, Կոլումբիայի շրջանից, այժմ ամեն ինչ լիակատար վերահսկողության տակ է գտնվում: Նրանք կգնան տներով, սակայն կարող են արագ վերադառնալ, եթե անհրաժեշտություն լինի: Անցած գիշեր ցուցարարները զգալիորեն քիչ էին, քան ակնկալվում էր»,- ամերիկացի առաջնորդը գրել է իր թվիթերյան էջում:
Ավելի վաղ Թրամփը շնորահակություն էր հայտնել ոստիկանությանը, Ազգային գվարդիային և ԱՄՆ Գաղտնի ծառայությանը Վաշինգտոնում տեղի ունեցող ցույցերի ժամանակ իրենց գործողությունների համար:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ամերիկյան տասնյակ քաղաքներում մեկնարկել են մայիսի 25-ին Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտի սպանությունից հետո: Մինեապոլիսի ոստիկանության նախկին սպան, ծնկով սեղմած պահելով տղամարդու պարանոցը, խեղդամահ է արել նրան: Կատարվարծից զայրացած քաղաքացիները պահանջում են խստագույնս պատժել ինչպես սպանության հեղինակին, այնպես էլ նրա կողքին կանգնած մյուս երեք ոստիկաններին, որոնք ոչինչ չեն արել Ֆլոյդին փրկելու համար:
