Փսևդոիշխանությունն ու սպասարկող քարոզչամեքենան մի թեզ են շրջանառում` համավարակը պատերազմ է, իսկ իշխանությունը` առաջամարտիկը. ով քննադատում է վերջինիս անգործությունը` սև է կամ թշնամի. Արման Սաղաթելյան
Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հանրության շրջանում վերջերս հաճախ հանդիպող. «Համավարակը պատերազմ է հայտարարել իշխանությանը թեզին»: Այս առիթով Արման Սաղաթելյանը գրել է.
«Մեր փսևդոիշխանությունն ու իրեն սպասարկող քարոզչամեքենան վերջերս մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե դե համավարակը պատերազմ է, իսկ իշխանությունը` դրա առաջամարտիկը, ու բոլորն ուղղակի պարտավոր են սատարել իշխանությանը, իսկ ով քննադատում է վերջինիս ապիկար, քաոտիկ, անհետևողական ու երբեմն հանցավոր գործողություններն ու անգործությունը` սև է կամ թշնամի։
Եվ դա այն պարագայում, երբ գրեթե բոլոր առողջ ուժերն ու բանիմաց անհատները տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հորդորներ, կոչեր և կոնկրետ քայլերի առաջարկներ են հղել, որոնք լավագույն դեպքում արհամարհվել են, իսկ վատագույնում` ծաղրվել նույն իշխանության քարոզչությամբ։
Այսպիսի հատուկ երեսպաշտություն և ցինիզմ։ Եվ քանի լավ առիթ է ռուսերեն դարձվածքները մեջբերելու համար, տեղին է հիշել ևս մեկը` "Кому война, а кому мать родная". Սա նշանակում է, որ պատերազմը ոչ բոլորի համար է աղետ և դժբախտություն, այլ լավ առիթ այլոց դժբախտության վրա ամրապնդվելու, ժամանակ ձգելու, հարստանալու՝ ոչինչ չհասկանալով ո՛չ պատերազմից, ո՛չ աղետից և ոչ այդ ամենի կառավարումից։
Առավել մեծ ստորություն է, երբ այդ «այլոց դժբախտությունը» հենց քո ժողովուրդի դժբախտությունն է, որի համար դու պատասխանատու ես, որը քեզ, թեկուզ ու սխալմամբ, վստահել է և որին կոչված ես պաշտպանելու»։
