ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքն է հաստատվել
ԱՄՆ-ում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքը: Սա առաջինն է Վիսկոնսին նահանգում: Այս մասին հայտնում է նահանգի առողջապահության նախարարությունը:
«Վիսկոնսինում փետրվարի 5-ին հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսով վարակման դեպք»,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, այս նահանգում ստուգվել է 10 մարդ, նրանցից 7-ի մոտ վարակման բացասական արդյունք է եղել, 1-ը՝ դրական, ևս 2-ը դեռևս բուժզննում են անցնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի Յոկոհամայի նավահանգստի մերձակա ջրերում Diamond Princess կրուիզային նավում 10 ուղևորի մոտ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել:
Նավի վրա ընդհանուր առմամբ գտնվում է 3700 ուղևոր և անձնակազմի անդամ:
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 479-ի, վարակվածների թիվը գերազանցել է 16 600-ը:
Նշվում է, որ փետրվարի 4-ին գրանցվել է վարակման 3156 նոր դեպք: Միևնույն ժամանակ, 1967-ն արձանագրվել է Ուհան քաղաքում, որտեղից սկիզբ է առել համաճարակը:
