Սորոսի հիմնադրամը որևէ կերպ չի ուղղորդում և ցուցումներ չի տալիս իշխանությանը. վերջին անգամ ես վարչապետին հանդիպել եմ 2018-ին. Լարիսա Մինասյան (տեսանյութ)
Ընդդիմադիր ակտիվիստներին վերջերս բերման ենթարկելու հարցի շուրջ ես երբևէ որևէ շփում չեմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ավելին՝ վերջին անգամ նրան հանդիպել եմ 2018 թ.-ի սեպտեմբերին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (առավելապես հայտնի իբրև Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:
«2018-ին իմ մի քանի գործընկերների հետ վարչապետին հանդիպել ենք կառավարության շենքում: Մեկ էլ Նիկոլ Փաշինյանին տեսել եմ 2018 թ.-ի սեպտեմբերին՝ Անկախության տոնը նշելիս: 2019-ին երբևէ չեմ հանդիպել նրան»,- ասել է Մինասյանը:
Ըստ նրա՝ Սորոսի հիմնադրամը որևէ կերպ չի ուղղորդում և ցուցումներ չի տալիս գործադիր իշխանությանը. «Ես երբևիցե ինձ թույլ չեմ տա ցուցում տալ որևէ մեկին՝ ինչը ասել, ինչը՝ ոչ: Մենք փորձել ենք աշխատել բոլոր իշխանությունների հետ, մեր նպատակն է աջակցել ժողովրդավարությանը, սոցիալական արդարությանը, արդարադատությանը, մարդու իրավունքների ամրապնդմանն ու կայացմանը: Առանց իշխանության հետ հաղորդակցվելու՝ այդ ամենով զբաղվելն անհնար է»:
Լարիսա Մինասյանի կարծիքով՝ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը որևէ վտանգ չի պարունակում. «Վտանգ կարող է լինել միայն, եթե Սահմանադրության, երկրի, ժողովրդի դեմ գործունեություն ծավալվի: Մեր գործունեությունն ամբողջովին օրինական է և սահմանադրական նպատակներին աջակցող: Մենք ջատագովում ենք թափանցիկ և հաշվետու կառավարումը, ինչն անվտանգության ամենաբարձր երաշխիքն է»:
Մինասյանի պնդմամբ՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին պետք է ունենա մյուս բոլոր կրոնական կազմակերպություններին համազոր կարգավիճակ, քանի որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է խղճի և դավանանքի ազատություն:
Լարիսա Մինասյանի կարծիքով՝ Ջորջ Սորոսը, որին ինքը լավ ճանաչում է և նրա շփվելու շատ առիթներ է ունեցել, թեև մեծ ֆինանսական գործունեություն է ծավալում փոքր երկրներում, այդ թվում Հայաստանում նրա գործունեությունը վտանգ և վնաս չի կարող պարունակել:
«Սորոսի հիմնադրամի որևէ ներկայացուցչություն որևէ երկրում չի կարող լինել օտարերկրյա հիմնադրամ, քանի որ մենք աշխատում ենք մեր մշակած ռազմավարությամբ: Մեր տնօրենները ՀՀ-ի նշանավոր քաղաքացիներ են՝ գիտնականներ, իրավապաշտպաններ, լրագրողներ: Դրանք մարդիկ են, ում Սորոսի հիմնադրամը վստահում է երկրի ամենակարևոր հանրային շահը պաշտպանելու և դրա շուրջ ծրագրեր մշակելու գործը: Մեր հիմնադրամը չի սպասարկում որևէ այլ շահ, քան մեր երկրի ազգային շահերն են»,- ամփոփել է Մինասյանը:
Դավիթ Սարգսյան
