Սահմանադրական փոփոխությունների նախագիծը իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող քաղաքական ծայրահեղություն է. Գևորգ Դանիելյան. Pastinfo.am
Այս նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գևորգ Դանիելյանը՝ անդրադառալով իշխանական պատգամավորների հեղինակած Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։
Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։
Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է, գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։
Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։
Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով, չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի»,-ասել է Դանիելյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
