Adidas-ը հայտարարել է Չինաստանում իր խանութների զգալի մասը փակելու մասին
Մարզակոշիկներ և մարզահագուստ արտադրող գերմանական Adidas AG ընկերությունը տեղեկացրել է Չինաստանում մի շարք խանութներ ժամանակավորապես փակելու մասին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին:
«Մենք հետևում ենք տեղի իշխանությունների հրահանգներին: Մեր խանութների զգալի մասի փակման որոշումը ևս դրան է վերաբերում: Կարող ենք հաստատել, որ ներկա պահին Չինաստանում մեր բիզնեսը բացասական ազդեցություն է կրում: Թեպետ այս պահին դեռ վաղ է դատողություններ անել նման ազդեցության մասին»,- ասել է Adidas-ի ներկայացուցիչը:
Չինաստանում Adidas-ի շուրջ 500 խանութներ են գործում:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,3 հազարը, մահացել է 490 մարդ, ևս մեկ մարդ մահացել է Հոնկոնգում: Ավելի քան 170 վարակման դեպք է գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս, որից 1-ը`մահվան ելքով:
