Սկզբունքորեն դեմ եմ, որ համահավասարեցում լինի և պարգևավճարը տրվի որպես աշխատավարձի մաս. Տիգրան Խաչատրյան
Պարգևավճարների ձևով աշխատակիցներին վճարվող միջոցները աշխատավարձի ձևով վճարված միջոցների մոտավորապես 1/3-ն են կազմել, այսինքն՝ հանրագումարով էապես չեն շեղվել այն սահմանաչափերից, որոնք սահմանված են գերատեսչության համար ընդհանուր կարգով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով պարգևավճարներին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ հնարավոր է մեկ աշխատակից խրախուսվի, մյուսը` ոչ, սակայն պարգևավճարի առանձահատկությունն այդ է: «Կար մոտեցում, որ արվի համահավասարեցում և պարգևավճարը տրվի որպես աշխատավարձի մաս, սակայն ես՝ որպես ղեկավար, սկզբունքորեն դեմ եմ նման մոտեցմանը, քանի որ կարծում եմ, որ պարգևավճարը պետք է տրվի այն աշխատակիցներին, որոնք առանձնահատուկ ջանքեր, արդյունքներ են ցուցաբերում»,-ասաց նախարարը և նշեց, որ կարող է աշխատակիցներից մեկը մյուսից ավելի կամ քիչ ստացած լինի:
«Եթե պարգևավճարները տրվեն կամ գուցե տրվել էին այն տրամաբանությամբ, որ դրանով փոխհատուցվում էր ցածր աշխատավարձը, ապա, այո՛, եթե աշխատավարձը բարձրանա, այլևս պարգևավճար տալու կարիք չի լինի, քանի որ ցածր աշխատավարձերը կփոխհատուցվեն, բայց պարգևավճարը տրվում է իր ճիշտ իմաստով, այսինքն՝ խրախուսում տարբերվող լավ աշխատանքի համար, ապա իմ կարծիքով դա պետք է ինչ-որ չափով մնա»,-ասաց Տիգրան Խաչատրյանը և նշեց, որ այդ դեպքում ավելի լավ աշխատելու համար աշխատակիցները կլինեն մոտիվացված:
Նախարարը տեղեկացրեց, որ անցյալ դեկտեմբերին խնդրել է, որպեսզի նախարարության աշխատողներն առանց բացառության պարգևավճար ստանան:
«Մյուս դեպքերում միջին հաշվով 80 տոկոսը ստացել է, երևի եղել է 20 տոկոս, որ ստացել են բավականաչափ բարձր, իսկ մնացած 60 տոկոսը՝ միջին չափով կամ մի քիչ ցածր»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ երբ աշխատավարձը բարձրանա, հնարավոր է այդ ժամանակ վերանայվի կրճատել պարգևավճարները, սակայն դա պետք է միասնական որոշվի: