ՌԴ ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը
Ռուսաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հանդիպումից հետո:
«Կարևոր է, որ Թբիլիսիում առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմանը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ից ընդգծել են, որ Վրաստանում տիրող ընթացիկ իրավիճակը համարում են երկրի ներքին գործը:
«Ռուսաստանը սկզբունքորեն զերծ է մնում այլ երկրների ներքին քաղաքական գործընթացներին միջամտելուց: Մենք շահագրգռված ենք Վրաստանում և Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»,-շեշտել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրաման ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն արձակել էր ս.թ. հուլիսի 8-ին՝ Թբիլիսիում տիրող անհանգստությունների և բողոքի ցույցերի պատճառով ստեղծված վտանգավոր իրավիճակի հետևանքով:
