Չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա. Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկը՝ փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով. Մամեդյարով
«Ցավոք սրտի, Միլանի հանդիպումից հետո ես չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում այսօր հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով»,-Բրատիսլավայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Հայկական կողմում ևս Ադրբեջանի 3 քաղաքացի կա, որոնցից երկուսը՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
