Ուկրաինայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել նիստի ժամանակ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ուկրաինայի գերագույն ռադայում տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Ծեծկռտուքի մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Դմիտրի Ռազումկովը:
«Վերջ տվե՛ք կռվին: Հարգելի գործընկերներ, հանգստացե՛ք»,- բղավել է Ռազումկովը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Եվրոպական համերաշխություն» խմբակցության հատվածի մոտ գտնվող սյան հետևում:
Այդ պահին սյան հետևում են գտնվել «Եվրոպական համերաշխություն» խմբակցության 3 և «Ժողովրդի ծառա» խմբակցության 1 պատգամավոր:
Միջադեպը տեղի է ունեցել խուլիգանական գործողությունների հակազդման մասին օրինագծի ընդունումից հետո:
