«Երազում եմ բուժվել». 15-ամյա չինուհին հազվագյուտ հիվանդության հետևանքով տարեց կնոջ տեսք ունի (լուսանկարներ)
Mirror պարբերականն անդրադարձել է 15-ամյա մի չինուհու, որն անբուժելի հիվանդության հետևանքով տարեց կնոջ տեսք ունի: Նշվում է, որ դեռահասի դեմքը չունի այս տարիքին բնորոշ թարմություն և հարթություն. այն կնճռոտ է:
Չինուհին պատմել է, որ արտաքինով պայմանավորված ծաղրանքների ու ստորացումների պատճառով ստիպված է եղել լքել դպրոցը: Աղջիկը մանրամասնել է, որ մեկ տարեկանում իր դեմքն արդեն միջին տարիքի կնոջ դեմքի էր նման: Մինչդեռ հիմա նա ունի 60-ն անց կնոջ տեսք:
Նրա մոտ հայտնաբերվել է Հաստինգս-Գիլֆորդ համախտանիշ: Այս գենետիկ հիվանդությունն առաջանում է մուտացիայի հետևանքով։
Չինուհու խոսքով՝ ինքը պատրաստվում է պլաստիկ վիրահատություն անել ու փոխել դեմքը՝ չնայած, որ տվյալ գենետիկ մուտացիայի զարգացումը հնարավոր չէ կանգնեցնել: Թանկարժեք վիրահատությունը համաձայնել է ֆինանսավորել մի բարեգործ, որը պատրաստ է մոտ 100 000 դոլար տրամադրել:
«Ես այնպես էի տարբերվում համադասարանցիներիցս, որ նրանք ինձ անընդհատ «անճոռնի» էին անվանում: Ի վերջո, ստիպված եղա լքել դպրոցն ու հիմա տանը ծնողներիս եմ օգնում: Նրանք ինձ դատում են ըստ արտաքինի, բայց ներքուստ ես պայծառ ու մաքուր մարդ եմ: Երազում եմ բուժվել, նորմալ տեսք ունենալ, չխուսափել մարդկանց հայացքներից»,-պատմել է աղջիկը:
Նրա հայրը հավելել է, որ աղջկա մայրը ևս այս հիվանդությունն ունի:
«Մենք անգրագետ մարդիկ ենք, ոչինչ չենք հասկանում գենետիկ մուտացիաներից, բայց գիտեինք, որ մեր երեխան մորից ժառանգելու էր այս հիվանդությունը»,-պատմել է տղամարդը:
