Գրետա Տունբերգն այլընտրանքային Նոբելյան մրցանակի է արժանացել
Տասնվեցամյա շվեդ ակտիվիստուհի, բնապահպան Գրետա Տունբերգը դարձել է «Նպատակահարմար կենսաապահովման համար» մրցանակի դափնեկիրներից մեկը: Մրցանակի հանձնումը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ Ստոկհոլմում: Այս մասին Գրետա Տունբերգը գրել է Twitter-ում:
Գրետան անձամբ ներկա չի գտնվել արարողությանը, քանի որ Մադրիդում մասնակցում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովին, սակայն ուղերձ է հղել հանդիսության մասնակիցներին:
Նշվում է, որ մրցանակը «լրացում» է նոբելյան անվանակարգերին, քանի որ դրանով նշանավորվում են այլ կարևոր ոլորտներում նվաճումները:
Աղջիկն ուղերձ է հղել արարողության մասնակիցներին, որում նշել է, որ մրցանակը երիտասարդական կլիմայական շարժման ճանաչում է:
«Պայքարը շարունակվում է, մենք երբեք կանգ չենք առնի»,- հայտնել է երիտասարդ ակտիվիստուհին:
Տունբերգը, որն այս տարի ավելի վաղ ներկայացվել էր խաղաղության Նոբելյան մրցանակի, մրցանակ է ստացել «Հրատապ կիլիմայական քայլերի վերաբերյալ ոգեշնչող և պահանջատեր քաղաքական կոչերի համար»:
Մրցանակի դրամական պարգևը կազմում է 105 հազար դոլար:
Մրցանակի առանձնահատկությունն այն է, որ մրցանակակիրները գումարը կարող են ծախսել հասարակական աշխատանքի վրա:
Տունբերգից բացի, մրցանակներ են շնորհվել նաև այլ անձանց՝ տարբեր ոլորտներում իրենց ունեցած ավանդի համար:
Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:
Incredibly honoured to receive the @rightlivelihood award tonight. I’m there in Stockholm with you in spirit!! https://t.co/CJIdfMJ7dG
— Greta Thunberg (@GretaThunberg) December 4, 2019
