«Խնդիրը դետալներում է, Սատանան թաքնված է մանրունքներում». ԱԺ-ն քննարկում է համայնքների խոշորացումը հանրաքվեով դարձնելու հարցը
Ազգային ժողովը քննարկում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Նախագծի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը:
Նախագծով առաջարկվում է կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:
ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում նշեց, որ սա մի հարց է, որին պետք է լուրջ մոտենալ: «Մեր ուղերձները մեր քաղաքացիներին պետք է հստակ լինեն: Այս որոշումը նաև կառավարությունն է կիսում, երկարատև ռազմավարական զարգացման առումով համայնքների խոշորացումն այլընտրանք չունի»,- ասաց նա:
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ հավելեց, որ նախագծով խոսքը ոչ միայն համայնքների միավորման մասին է, այլ նաև միավորումից հետո, երբ որ այդ էքսպերիմենտից բավական ժամանակ կանցնի, և մարդիկ դժգոհ կլինեն, նաև բաժանվելու և դուրս գալու մասին կարծիք հայտնելու հնարավորություն կա:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ պետք է համայնքների կարծիքը լսելի դարձնել, դա պարտադիր է լինելու և շատ կարևոր է, որ ԱԺ որոշումների հիմքում դրվի համայնքների կարծիքը:
«Խնդիրը դետալներում է, Սատանան թաքնված է մանրունքներում, ձեր ներկայացրած փաստաթղթում նշված են չափանիշներ, որոնք ապագայում օգտագործվելու են տեղական հանրաքվեն առանձին դեպքերում կանխելու համար, մեր պայքարը դրա մեջ է: Դուք նշում եք՝ 20 տոկոս ձայն է պետք նախաձեռնելու համար, իսկ մտածել եք, չէ՞, որ այսօր մեր շատ համայնքներում մարդիկ գրանցված են, բայց փաստացի շատ քիչ բնակիչներ են բնակվում, խնդիր ենք ունենալու նաև այդ 20 տոկոսի ձայները հավաքելու իմաստով»,- ընդգծեց պատգամավորը:
