Օդեսայի տնտեսագիտական քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով զոհ կա. տուժածների թիվը մեծացել է
1 մարդ զոհվել է ևս 29-ը տուժել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի տնտեսագիտության քոլեջում բռնկված հդրեհի հետևանքով: Քաղաքում սուգ է հայտարարվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ 13 քաղաքացի անհետ կորած է համարվում: Օդեսայում դրոշները իջեցված կլինեն դեկտեմբերի 5-ին և 6-ին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքում հրդեհ էր բռնկվել ճարտարապետական հուշարձան համարվող 6-հարկանի շենքում:
Վերին հարկերի պատուհաններից բոց էր դուրս գալիս: Ականատեսների խոսքերով` մարդիկ հրդեհից փրկվելու համար դուրս են նետվել պատուհաններից:
Ներկայում շենքում տեղակայված են մի շարք ընկերություններ ու հաստատություններ, այդ թվում՝ ծովային կենսաբանության ինստիտուտը, Ուկրաինայի հնագիտության ինստիտուտի Օդեսայի մասնաճյուղը, տնտեսագիտության քոլեջը և այլն:
«Ամեն ինչ շատ հանկարծակի տեղի ունեցավ, սև ծուխ բարձրացավ, հազիվ հասցրինք դուրս գալ շենքից»,-պատմել է ծովային կենսաբանության ինստիտուտի աշխատակիցներից մեկը՝ չբացառելով, որ իր գործընկերներից ոմանք հնարավոր է մնացած լինեն շենքում:
Հրդեհը սկսվել է այսօր առավոտյան՝ շենքի երրորդ հարկում՝ տնտեսագիտության քոլեջի տարածքում:
Դեպքի վայր են ժամանել բազմաքանակ հրշեջ և շտապ օգնության աշխատակիցներ: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ:
