«Ես հպարտանում եմ նրանով». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քայլի Ջեներին՝ Kylie Cosmetics-ի 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու առթիվ (տեսանյութ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է քրոջը՝ Քայլի Ջեներին՝ նրան պատկանող Kylie Cosmetics ընկերության 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով վաճառելու կապակցությամբ:
Գործարքի մասին հայտնի էր դարձել երկուշաբթի, իսկ ամերիկահայ աստղը Քայլիին շնորհավորել է չորեքշաբթի ET-ի հետ զրույցի ընթացքում:
Քիմը պարզաբանել է, որ Kylie Cosmetics և Kylie Skin բրենդների վաճառքի շուրջ բանակցություններն ընթանում էին երկար ժամանակ:
Նորաձևության մագնատի խոսքով՝ բամաթիվ ընկերություններ պայքարում էին Քայլիի բրենդի բաժնետոմսերը ձեռք բերելու համար:
«Ընկերության բաժնետոմսերը վաճառելու որոշումը նա կայացրել է գրեթե մեկ տարի առաջ»,- ասել է նա:
Քիմի խոսքով՝ երիտասարդ տարիքում նման բիզնես հիմնելը, հիանալի ապրանքներ արտադրելն ու իր սիրած գործով զբաղվելը «չափազանց ոգեշնչող է, և ես այնքան հպարտ եմ նրանով»:
Kylie Cosmetics ընկերության 51 տոկոս բաժնետոմսերը 600 մլն դոլարով ձեռք է բերել Coty Inc. ընկերությունը:
Coty-ն Ջեների բրենդը 1,2 միլիարդ դոլար է գնահատել։ Գործարքից հետո բրենդը Kylie Beauty կկոչվի։ Բրենդի դեմքը նախկինի պես կմնա Քայլին և կշարունակի աշխատել բրենդի զարգացման և հաղորդակցության հարցերով։
