«Քեզ ոչ ոք չի հիշելու». Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների և ներքին գործերի նախարարի միջև թեժ վեճին մասնակցել է նաև Կարո Փայլանը (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության բյուջեի քննարկումը: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Մինչ քննարկումը, թեժ բանավեճ է տեղի ունեցել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև:
Սոյլուն, մտնելով խորհրդարան, սեղմել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների ձեռքը և անտեսել ընդդիմադիր պատգամավորներին:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Սոյլուի պահվածքն անհարգալից է համարել և Սոյլուին համեմատել է ֆաշիստական Գերմանիայի Երրորդ ռեյխի գործիչներից Հայնրիխ Հիմլերի հետ:
«Հիմլերին այսօր ոչ ոք լավ ձևով չի հիշում: Սուլեյման Սոյլուն կարծում է, որ ինքը բռնապետական ռեժիմ է ստեղծելու և լռեցնելու է բոլորին, իսկ դրանից հետո ասելու է, որ իրեն բոլորը լավ են հիշելու: Ո՛չ: Քեզ ոչ ոք չի հիշելու»,- ասել է Փայլանը:
Իսլամական ընդդիմադիր «Saadet» («Երջանկություն») կուսակցության պատգամավոր Ջիհանգիր Իսլամը Սոյլուին ուղղված իր խոսքում նշել է, որ բոլոր այն մարդկանց, որոնց Թուրքիայում չեն կարողանում լռեցնել, պիտակավորում են որպես դավաճան և բանտարկում: Սոյլուն էլ իր հերթին պատասխանել է Իսլամին՝ նրան անվանելով «դավաճան» և նշելով, որ «բոլորն էլ գիտեն, որ նա սադրիչ է»:
Վիճաբանությանը մասնակցել են նաև իշխող «Արդարություն և զարգացում» և աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորները:
Թուրքիայի խորհրդարանի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահ Լյութվի Էլվանը Սոյլուի պահվածքը պայմանավորել է այն հանգամանքով, որ նախարարի ներս մտնելու ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ոտքի չեն կանգնել:
