Իլոն Մասկը պատմել է, թե ինչ է անհրաժեշտ Մարսի վրա բնակավայր կառուցելու համար
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, թե ինչ է անհրաժեշտ Մարսի վրա բնակավայր կառուցելու համար: Այդ մասին նա գրել է Twitter-ում։
Գործարարի հաշվարկներով՝ մոտ հազար աստղանավ կպահանջվի Մարսի վրա ինքնուրույն գործելու ունակ բնակավայր կառուցելու համար։
«Դրա համար անհրաժեշտ կլինի այնտեղ ուղարկել առնվազն մեկ միլիոն տոննա ռեսուրսներ և սարքավորումներ»,- գրել է Մասկը։
«Քանի որ յուրաքանչյուր երկու տարին մեկ Երկիրն ու Մարսը մոտենում են իրար և գտնվում թռիչքների համար բավարար հեռավորության վրա, ապա բեռների առաքումը կտեևի մոտ 20 տարի»-, բացատրել է Մասկը:
Նա հավելել է, որ յուրաքանչյուր թռիչքը կարժենա մոտ երկու միլիոն դոլար:
Սեպտեմբերի վերջին SpaceX-ը ներկայացրել էր Starship աստղանավը, որը նախատեսված է դեպի Մարս թռիչքների և այլ միջմոլորակային առաքելությունների համար: Մասկի խոսքով՝ մոտ 20 կմ բարձրությամբ առաջին թռիչքը տեղի կունենա մեկ-երկու ամիս անց։
Ավելի վաղ SpaceX-ը հաջողությամբ փորձարկել էր Starship-ի նախատիպը. Starhopper սարքը բարձրացել է 150 մետր բարձրության վրա և ուղղահայաց վայրէջք կատարել:
