Սատկել է Տիմուր անունով այծը, որը հայտնի էր Ամուր անունով վագրի հետ իր ընկերությամբ (լուսանկարներ)
Ռուսաստանի սաֆարի այգիներից մեկում սատկել է Տիմուր անունով այծը, որը 2015 թվականին հայտնի էր դարձել Ամուր անունով վագրի հետ իր ընկերությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ինձ համար շատ դժվար է, բայց քանի որ ես Տիմուր այծիկի խնամակալն եմ, պետք է տեղյակ պահեմ, որ 2019 թվականի նոյեմբերի 5-ին Տիմուր այծիկը սատկել է: Ես ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Տիմուր այծիկը պահվում էր հիանալի պայմաններում: Նրա առողջությանը հետևում էին անձնական բժիշկ Դանիիլը և սաֆարի այգու բժիշկներ Օլեգն ու Ալեքսեյը», - ասված է այծի խնամակալ Էլվիրա Գոլովինայի նամակում:
Խնամակալը հայտնել է նաև, որ այծի աճյունամոխիրը «պատվով հողին կհանձնվի», իսկ հետագայում կկանգնեցվի նրա բրոնզե արձանը:
Տիմուր այծի և Ամուր վագրի ընկերության մասին 2015 թվականին իմացավ ամբողջ աշխարհը: Տիմուրին վագրի վանդակ էին բերել որպես սնունդ, բայց վագրը չէր կերել նրան, քանի որ այծը դիմադրել էր: Այծը նույնիսկ զբաղեցրել էր վագրի քնելու տեղը՝ ստիպելով վերջինիս քնել տանիքին: Կենդանիներն առանձին էին քնում, բայց ցերեկները զբոսնում էին այգում միասին:
Կենդանիների անսովոր ընկերության մասին իմանալուց հետո Գոլովինան ինքն է ցանկություն հայտնել դառնալ այծի խնամակալը և Մոսկվայից ժամանել է հատուկ նրան կերակրելու համար:
