Չիլիում անկարգությունների պատճառով տարհանվել է Ազգային կոնգրեսի շենքը
Չիլիի ազգային կոնգրեսի շենքը տարհանվել է այն բանից հետո, երբ մի քանի ցուցարարներ փորձել են ներս մտնել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Horas հեռուստաընկերությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուրբաթ մի խումբ մարդիկ անհնազանդության ակցիա են իրականացրել երկրի ազգային կոնգրեսի շենքի առջև, անվտանգության աշխատակիցներն արգելափակել են շենքի բոլոր մուտքերը:
Անկարգությունների ֆոնին որոշում է կայացվել դադարեցնել Կոնգրեսի աշխատանքը և բոլորին դուրս բերել շենքից:
Նշվում է, որ Չիլիում այս շաբաթ անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի տոմսի արժեքը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի գործողությունների պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել էին իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ էին կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ էին այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա: