Սիրիայում ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 11 երեխա է մահացել, մոտ 70 հազարը տարհանվել է
Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ չորս երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված լքել է մոտ 70 հազար երեխա: Այդ մասին ասված է Ժնևում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի հրապարակած հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում առնվազն չորս երեխա է զոհվել, ինը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների, Թուրքիայում սպանվել է յոթ երեխա»,- նշել է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատականներով ՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում մարտերի սկսվելուց ի վեր մոտ 70 հազար երեխա տեղահանվել է»:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի՝ հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում հարձակման է ենթարկվել երեք հիվանդանոց և մեկ դպրոց: Մարդասիրական օգնություն, Ֆորի խոսքով, կարող է անհրաժեշտ լինել առնվազն 170 հազար երեխայի: Նա կոչ է արել «հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել կողմերի վրա»՝ պաշտպանել երեխաներին և քաղաքացիական ենթակառուցվածքները: