Իրանում անօդաչու թռչող սարք օգտագործելու համար կալանավորված ավստրալացի զույգն ազատ է արձակվել բանտից
Ավստրալացի զույգն ազատ է արձակվել իրանական բանտից մի քանի ամսվա ձերբակալությունից հետո: Այս մասին տեղեկացնում է abc.net կայքը:
Նրանք ձերբակալվել էին Թեհրանի մոտակայքում անօդաչու թռչող սարք օգտագործելու համար: Զույգը 2017 թվականից ճանապարհորդում է աշխարհով մեկ և նկարահանում իրենց արկածները:
Նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքներն այժմ չեղարկվել են:
«Վերջին ամիսները շատ դժվար են եղել մեզ համար, բայց մենք գիտենք, որ պակաս դժվար չի եղել նաև նրանց համար, ովքեր սպասում էին մեզ և անհանգստանում էին մեզ համար»,-ասել են նրանք:
Չնայած հասարակության կողմից մեծ հետաքրքրությանը՝ զույգը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել բանտում անցկացրած ամիսներից:
Իր հերթին, Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հաստատել է, որ զույգը գտնվում է լավ առողջական վիճակում, և նշել է, որ նրանց արտահանձնումը տեղի է ունեցել բարդ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ: Փեյնը ՄԱԿ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ այս հարցով զրույց է ունեցել նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: