Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժայինները սպանել են Ուսամա բեն Լադենի որդուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ ամերիկացի ուժայինները սպանել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին:
«Համզա բեն Լադենը, որն «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան անդամն ու Ուսամա բեն Լադենի որդին էր, սպանվել է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ամերիկացի ղեկավարի հայտարարության մեջ:
Թրամփի խոսքով՝ Համզա բեն Լադենի կորուստը գրոհայիններին կզրկի իրենց առաջնորդներից մեկից և կվերացնի «խորհրդանշական կապը» նրա հոր հետ: Բացի այդ, ահաբեկչի չեզոքացումը կկանխի խմբավորման գործողությունները:
«Համզա բեն Լադենը պատասխանատու էր տարատեսակ ահաբեկչական խմբավորումների հետ աշխատանքի նախապատրաստման և իրականացման համար»,- մեկնաբանել են Սպիտակ տնից:
Հիշեցնենք, որ Համզա բեն Լադենի հնարավոր սպանության մասին լուրը ԶԼՄ-ներում հայտնվել էր դեռևս ամռանը, սակայն այն ժամանակ Վաշինգտոնն այն պաշտոնապես չէր հաստատել: