Գուցե, Փաշինյանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն գնահատի Ամուլսարի շահագործման վերաբերյալ իր դիրքորոշումն ու ապահովվի ներդրումներ. քաղտեխնոլոգ
Ամուլսարի հարցը ոչ թե բնապահպանական հարց է, այլ՝ քաղաքական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Ես չեմ կարող ասել՝ ճնշում կա, թե չկա, որովհետև վարչապետի կողքին չեմ եղել, բայց կարող եմ ասել, որ Ամուլսարը քաղաքական հարց է, ոչ թե բնապահպանական, այլ՝ քաղաքական: Մեկ ամսից վարչապետը մեկնում է ԱՄՆ ու բնական է, որ առաջարկելու ոչինչ նրանց չունի՝ բացի Ամուլսարի հարցից:
Հայ-ամերիկյան օրակարգ չկա, տնտեսական, ռազմական, քաղաքական համագործակցություն չկա, մնում է Ամուլսարի հարցը և դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը դրական արտահայտվեց հանքի շահագործմանը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը, հավանաբար, ցանկանում է Ամուլսարի հանքի շահագործմամբ ամերիկյան ներդրումներ ապահովել:
«Միգուցե ցանկություն կա, որ գնահատվի Ամուլսարի շահագործման դիրքորոշումն ու ապահովվի ներդրումներ: Ինչպես տեսնում եք, 1 և ավելի տարում որևէ ներդրում Հայաստան, որպես այդպիսին, չի գալիս:
Միգուցե, վարչապետը մտածում է, որ եթե Ամուլսարի հարցը դրական լուծում ստանա, ներդրումներ կապահովվեն Հայաստանի համար: Բայց չեմ կարծում, թե հանուն Ամուլսարի ԱՄՆ-ն ներդրումներ կապահովի Հայաստանում»,- ասաց Ա. Բադալյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ վարչակազմը պրագմատիկ քաղաքականություն է վարում ու ներդրում անում այնտեղ, որտեղ շահեր ունի: «Հայաստանը ԱՄՆ համար ամենավերջին երկրներից է, որն իրենով տնտեսական հետաքրքրվածություն է ներկայացնում: Գուցե մեկ-երկու ընկերություն ներդրումներ անի, բայց սա չի նշանակի, որ հանուն Ամուլսարի ԱՄՆ-ն ներդրումներ կանի: Մի մոռացեք, որ Սիրիա զորք ուղարկելու հարցը խիստ բացասական գնահատվեց ԱՄՆ կողմից ու չեմ կարծում, թե մոռացվեց»,- շեշտեց Արմեն Բադալյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, առանց ներդրումների ՀՀ տնտեսությունը չի աճում, որքան էլ «թվեր գրեն», թե բյուջեն աճում է, սա է լինում, նա է լինում: Նրա խոսքով, իրական կյանքում տնտեսական աճ չկա, իսկ դա կարող է լինել աշխատատեղերի բացմամբ, ներդրումների տեսքով և այլն:
