Չեմ հավատում, որ բյուջետային ավիաընկերությունները կգան Հայաստան. Շահեն Պետրոսյան
Ես չեմ հավատում, որ բյուջետային ավիաընկերությունները կգան Հայաստան, քաղավիացիայի ներկայիս պետն ուղղակի իր գործունեությունն է ինքնաարդարացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
«Ես չեմ հավատում, որ բյուջետային ավիաընկերությունները կգան Հայաստան, որովհետև եթե Վրաստան մեկնում է կոնկրետ «Wizz air»-ը, Վրաստանի կառավարությունը դոտացիաներ է անում այդ ընկերությանը, դրա համար են իրենք նման էժան գներով կարողանում Քութաիսիից թռչել: Հայաստանին իրենք նույն բանն առաջարկել են, եթե կառավարությունը դոտացիա անի»,- ասաց Շահեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 1 տարվա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսին հայտարարել էր, որ բյուջետային «Wizz air» և «Ryanair airlines» ավիաընկերությունները պատրաստ են 2020-ին մուտք գործել հայկական ավիաշուկա:
Քաղավիացիայի նախկին պետը նշում է, որ չի կարող գնահատել քաղավիացիոն կոմիտեի ներկայիս աշխատանքը, քանի որ որևէ արդյունք չի գրանցվել:
«Ինչպես կարող եմ գնահատել, եթե արդյունք չկա: Երեք տարի ղեկավարել եմ Քաղավիացիան, երևի 5-6 գործուղման գնացած լինեմ և մեր հաշվին, ոչ թե բյուջեի: Մեկ տարվա ընթացքում ներկայիս պետը 18 մլն դրամի գործուղման է գնացել: Եթե արդյունք լինի, արդարացված են նման ծախսերը, բայց արդյունք չկա: Օրինակ, Սինգապուր ինչո՞ւ է գնացել»,- ասաց նա:
Տաթևիկ Ռևազյանը նաև հայտարարել էր, որ ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել, մասնավորապես, հայկական «Արմենիա» ավիաընկերությունն սկսել է Մոսկվայի ուղղությամբ չվերթներ իրականացնել: Սակայն, Շահեն Պետրոսյանը նշում է, որ դա ոչ թե հայկական, այլ վրացական ավիաընկերություն է. «Georgian airways-ն է, նրա օդանավերն են»:
Շահեն Պետրոսյանը նկատում է, որ Քաղավիացիան այժմ զբաղված է օտար ավիաընկերություններին Հայաստան բերելով՝ հայկական շուկան օգտագործելու համար, սակայն ըստ նրա՝ ամենագլխավոր խնդիրը պետք է լինի սեփական փոխադրող ընկերություն ստեղծելը:
«Հիմնական խնդիրը սեփական ավիաընկերություն ստեղծելն է և պետական: Ենթադրենք 51 տոկոսը պետության ձեռքում է և վերահսկելի պետք է լինի: Եթե տեսնեն, որ նորմալ է, ներդրողներ կհայտնվեն, և հետո կարող ենք մասնաբաժինները կամաց-կամաց մասնավորեցնել այդ ընկերությանը, ինչպես եղավ British airways-ի դեպքում: AirFrance-ը, օրինակ, մինչև հիմա պետական է մեծ մասը»,- հայտնեց նա:
Քաղավիացիայի նախկին պետի կարծիքով՝ պետք է նաև հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել, թե ով և ինչու սնանկացրեց «Հայկական ավիաուղիները», և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
«Ստուգեք, թե «Հայկական ավիաուղիներն» ո՞վ այդ վիճակին հասցրեց, որ սնանկացավ: «Հայկական ավիաուղիները» հատուկ սնանկացրել են, որպեսզի տան յուրայիններին, դա է եղել ծրագիրը: Իսկ «Հայկական ավիաուղիները» մեր փառքն էր, երկրի բյուջեի 25 տոկոսն էր ապահովում, ամենաեկամտաբեր ձեռնարկությունն էր Հայաստանում: Պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել առ այսօր»,- նշեց Շահեն Պետրոսյանը:
