Եգիպտոսում մեկնարկել են Թութանհամոնի ոսկեզօծ սարկոֆագի՝ հայտնաբերվելուց ի վեր վերականգնման առաջին աշխատանքները
Եգիպտոսում մեկնարկել են ավելի քան 3300 տարի առաջ ապրած հայտնի Թութանհամոն փարավոնի ոսկեզօծ սարկոֆագի առաջին վերականգնման աշխատանքները, գրում է РИА Новости-ն՝ Եգիպտոսի հնությունների նախարարությանը հղումով:
Վերականգնումից հետո սարկոֆագը կցուցադրվի Գիզայի բուրգերի մոտ կառուցվող նոր Մեծ եգիպտական թանգարանի սրահներից մեկում:
«Փայտյա սարկոֆագը փարավոնի մյուս ոսկեզօծ սարկոֆագների հետ միասին կցուցադրվի նոր թանգարանի հատուկ սրահում, որը նվիրված կլինի Թութանհամոնի դամբարանից հանված գանձերին: Այդ կերպ բոլոր սարկոֆագներն առաջին անգամ մեկ տեղում կհավաքվեն և կցուցադրվեն հանրությանը»,- ասել է նոր թանգարանի հնագիտական բաժնի տնօրեն Թաբիբ Աբասը:
Նրա խոսքով՝ վերականգնման աշխատանքները մոտ 8 ամիս կտևեն: Սարկոֆագը բազմաթիվ վնասվածքներ ունի, որոնք մինչև աշխատանքների սկիզբն արձանագրվել են:
Երիտասարդ փարավոնի դամբարանը հայտնաբերվել է 1922թ.-ին՝ Հովարդ Քարթերի և նրա թիմի կողմից: Այս բացահայտումը եգիպտագիտության գլխավոր սենսացիաներից է եղել: