РИА Новости-ն մանրամասներ է պարզել երկտողի հետ կապված դրվագից, որի համար Պուտինն ամաչում է մինչ օրս
Կորցրած երկտողի պատմությունը, որի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է հունիսի 20-ին կայացած ուղիղ կապի ժամանակ, տեղի է ունեցել Սիկտիվկարում 2010 թվականին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այն ժամանակ երկրի ղեկավարին սպասող երկու կին նմանատիպ երկտողեր են գրել: Նրանցից մեկին հաջողվել է թիկնազորի միջով հասնել նախագահին և փոխանցել գրությունը, որի կորուստի մասին էլ պատմել է Պուտինն ուղիղ եթերում:
Այս մասին գործակալությանը տեղեկացրել է մյուս կնոջ ամուսինը՝ Վլադիմիր Շչերբինը: Վերջինիս խոսքով՝ իր կինը՝ Ելենան, որը ներկայում աշխատում է Կոմի Հանրապետության հասարակական պալատում, երկտողը փոխանցած կնոջ՝ Վալենտինայի հետ ծանոթացել է հենց նախագահին սպասելիս:
«Կինս ողջ օրն անցկացրել է հուսալով, որ կհանդիպի Վլադիմիր Վլադիմիրովիչին: Հրապարակում նա ծանոթացել է Վալենտինա անունով կնոջ հետ: Ես մոտավոր հիշում եմ նրա խնդրի առարկան: Խոսքը նրա որդուն էր վերաբերում, որին, կնոջ կարծիքով, անօրինաբար դատապարտել էին: Նրանք նույն երկտողն էին գրել և պայմանավորվել փոխանցել այն նախագահին, եթե հաջողվի մոտենալ նրան», - ասել է տղամարդը:
Պուտինն ուղիղ կապի ժամանակ պատասխանել էր հարցին, թե ինչի համար է ամաչում՝ հիշելով այդ երկտողի մասին և նշելով, որ ամաչում է այն կորցնելու համար:
