Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լարված իրավիճակը հետ գցեց ՀՀ-ի համար ենթադրյալ այլընտրանքային ճանապարհի լուծումները. ԲՀԿ քարտուղար
Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների լարվածությունը Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն՝ մասնավորապես տնտեսական, առայժմ չունի և հուսանք բանը չի հասնի նրան, որ ունենանք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Ըստ նրա՝ հայկական կողմի համար ցավալի է, երբ կողմերից մեկում եղբայրական երկիր Վրաստանն է և մյուսում՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը:
Հարցին, թե Լարսի այլընտրանքային ճանապարհների շուրջ բանակցությունները կարելի՞ է ասել, որ կրկին փակուղի մտան, Աբովյանը նշեց, որ քաղաքականության մեջ փակուղի եզրույթն այդքան էլ տեղին չէ օգտագործել: «Որովհետև յուրաքանչյուր խմորում ավարտվում է: Կարող եմ փաստել միայն մեկ բան, որ այս իրավիճակը հետ գցեց ոչ թե ակնկալիք, այլ ենթադրյալ այլընտրանքային ճանապարհի լուծումները, թե որքանով և ինչպես՝ առայժմ դժվար է ասել»,-ասաց նա:
Նա զերծ մնաց գնահատական տալ հարևան Վրաստանում ստեղծված իրավիճակին, նշելով, որ դա վրաց ժողովրդի ներքին գործերն են: «Ամեն դեպքում, քաղաքական կրիզիսը, խմորումները, որ տեղի են ունենում այնտեղ, հայկական կողմին բացարձակապես չի կարող անտարբեր թողնել: Հույս ունենք, որ բոլոր ընթացքները կլինեն առանց փոխադարձ բռնության և ամեն ինչ կընկնի իր տեղը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը: Նրանց միացել են ընդդիմությունը և պահանջում են կառավարության անդամների հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառվել: Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:
Հաղորդվում է, որ «Աերոֆլոտ»-ը սկսել է Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը:
