Ռուսաստանը սեղմում է օղակը. վրացական ավիաընկերությունների թռիչքները եւս կդադարեցվեն ՌԴ տարածքում
Վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի տարածքում կդադարեցվեն հուլիսի 8-ից: Այդ մասին ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրությունում: Նաեւ հայտնի էր, որ հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիաընկերությունները նույնպես պետք է դադարեցնեն օդային կապը Վրաստանի հետ:
ՌԴ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ թռիչքների դադարեցման պատճառն օդային անվտանգության ապահովման անհրաժեշտությունն է եւ վրացական կողմի՝ ավիանավիգացիոն գործունեության մասով պարտքի առկայությունը:
Ընդհանուր առմամբ ավիանավիգացիոն սպասարկման մասով Վրաստանի պարտքը կազմում է մոտ 793 հզր ԱՄՆ դոլար: Պարտքի մի մասը չի վճարվել 2008թ.-ից սկսած:
Նշվում է, որ թռիչքները կդադարեցվեն այնքան ժամանակ, մինչեւ Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերությունները ռուսաստանյան կողմին կներկայացնեն ավիացիոն անվտանգության ծրագրեր, նաեւ կկատարվի աուդիտ եւ կմարվի պարտքի ամբողջ գումարը:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիափոխադրողներին արգելվում էր դեպի Վրաստան թռիչքները, նաեւ պետք է ապահովվի այդ երկրում գտնվող ռուսաստանցիների անվտանգ վերադարձը հայրենիք:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին հունիսի 20-ին Վրաստանում անցկացվող միջխորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո, ով նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և ռուսերեն էր արտահայտվել:
Աղբյուր՝ ՏԱՍՍ
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
The post Ռուսաստանը սեղմում է օղակը. վրացական ավիաընկերությունների թռիչքները եւս կդադարեցվեն ՌԴ տարածքում appeared first on ԳԱԼԱ.
