Վրաստանում մեկնաբանել են ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ որոշումը
Վրաստանի ղեկավարությունը մանրամասնորեն ուսումնասիրում է ՌԴ իշխանությունների որոշումը երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցման ժամանակավոր դադարեցման մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վրաց վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Անկասկած, մեր խնդիրը երկրի ինքնիշխանության և բոլոր քաղաքացիների շահերը պաշտպանելն է, լուրջ հարցերի շուրջ անհրաժեշտ քայլեր ընդունելու վտանգներից խուսափելը»,- հայտարարել է Աբաշիձեն:
Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան:
Հրամանագիրն ստորագրվել է Վրաստանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք մեկնարկել են հունիսի 20-ին և շարունակվել հունիսի 21-ին: Վրացիների բողոքի համար պատճառ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած վեհաժողովի նիստը բացելու փաստը:
Նախօրեին հաղորդվում էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 240 տուժածի մասին, որոնցից 39-ը դեռևս հիվանդանոցում են գտնվում: Բախումների ժամանակ 305 մարդ բերման էր ենթարկվել, այդ թվում և մեկ ՀՀ քաղաքացի:
