Սերժ Թանկյանն անդրադարձել է Մոսկվայում իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված գործին
System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից օրերս Խաչատուրյան քույրերի նկատմամբ իրենց հոր սպանության համար առաջադրված վերջնական մեղադրանքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ քննիչները Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են առաջադրել՝ նախնական համաձայնությամբ սպանություն:
«Սա օրինակ է նրա, թե ինչպես տարիներ շարունակ կանանց ու երեխաների դեմ բռնության անպատժելիությունը կարող է դաժան վրեժի պատճառ դառնալ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով Խաչատուրյան քույրերի դեպքին անդրադարձած The Independent-ի հոդվածը:
Հայտնի ռոք երաժիշտն ընդգծել է, որ դատարանը պետք է աղջիկների նկատմամբ ներողամիտ գտնվի:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ Խաչատուրյան քույրերին 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Մինչ այս, քննիչները ձեռնարկել էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղմացուցիչ հանգամանքները պարզելու համար, այդ թվում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ էին նշանակել:
Հիշեցնենք, որ մեծ աղմուկ հանած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Տասնյոթ, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր:
