Բանանցի բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը
«Բանանց» ՖԱ-ի բժիշկ Արսեն Համբարյանը թիմի՝ Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում մարդու կյանք է փրկել։
Երևանյան թիմն, ինչպես հայտնի է, հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակա Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, այսօր առավոտյան հյուրանոցի աշխատակիցներից մեկն անհաջող սայթաքման արդյունքում գանգուղեղային բաց վնասվածք է ստացել, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել է գիտակցությունը:
«Բանանցի» բժիշկն, առանց ժամանակ կորցնելու, տուժածին առաջին բուժօգնություն է ցույց տվել , դադարեցրել արյունահոսությունը, բերել գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվել է մոտակա քաղաքի հիվանդանոց:
«Բանանցը» շնորհակալություն է հայտնում Արսեն Համբարյանին տուժածի կյանքը փրկելու, իր կատարած մարդասիրական քայլի և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
The post Բանանցի բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը appeared first on ԳԱԼԱ.
