«Դեռ փոփոխություններ չկան». Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան
Վրացական Georgian Airways ավիաընկերության օդանավերը շարունակում են թռչել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղություններով: Տոմսեր են վաճառվում նաև հուլիսի համար: Այս մասին ընկերությունից հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Տոմսեր կարելի է ձեռք բերել առանց սահմանափակումների: Եթե փոփոխություններ լինեն, մենք կհայտնենք, դեռ փոփոխություններ չկան»,- հայտնել են ընկերությունից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ցույցեր են ընթացել. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:
Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:
