Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են երկար աշխատանքային օրվա մահացու վտանգը
Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ ավելի քան 10 ժամ տևող աշխատանքային օրն աշխատողին ուղեղի կաթվածի վտանգի է ենթարկում: Հետազոտության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է MedicalXpress կայքում:
Պարզվում է՝ առնվազն 50 օր օրական 10 ժամից ոչ պակաս աշխատելու դեպքում մեկ տարվա մեջ մարդու մոտ ուղեղի կաթվածի հավանականությունը մեծանում է 29%-ով՝ ի տարբերություն այդքան չաշխատող մարդկանց:
Գիտնականները հաշվարկել են նաև, որ 10 տարի օրական 10 ժամ աշխատած անձանց մոտ ուղեղի կաթվածի հավանականությունը 45%-ի է հասնում:
Նշվում է, որ աշխատավայրում գերաշխատանք կատարելը հատկապես վատ է անդրադարձել հետազոտությանը մասնակցած՝ մինչև 50 տարեկան կամավորների վրա:
«Սա անսպասելի է: Անհրաժեշտ է հետագա աշխատանքներ իրականացնել, որոնք թույլ կտան բացահայտել այս երևույթի պատճառները»,- ասել է հետազոտության հեղինակ Ալեքսի Դեսկատը:
Հետազոտությանը 18-69 տարեկան 143 592 մարդ է մասնակցել, որոնց վիճակին գիտնականները հետևել են 7 տարի:
