Վրաստանի խորհրդարանական շենքի դիմաց բողոքի ցույցը շարունակում են տասնյակ ցուցարարներ
Վրաստանի խորհրդարանական շենքի դիմաց շարունակում են բողոքի ցույց անցկացնել տասնյակ ցուցարարներ: Ինչպես հայտնում է Sputnik Грузия-ն, ցուցարարները մտադիր չեն հեռանալ: Նրանցից ոմանք երգում են, մյուսները շփվում են միմյանց հետ, իսկ ոմանք էլ օգտվել են հնարավորությունից և պարզապես նստած են Թբիլիսիի Ռուսթավելի գլխավոր պողոտայում: Բոլորն ուրախ են և վանկարկում են «Ողջույն, Վրաստան»: Ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում ցուցարարներին ցրելու ուղղությամբ:
Ավելի վաղ բողոքի ակցիայի կազմակերպիչները ցուցարարներին կոչ էին արել հեռանալ և ակցիան շարունակել շաբաթ երեկոյան: Ցուցարարներից ոմանք դժգոհել էին այդ կոչերից և որոշել են չհեռանալ:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալուց հետո:
