«Թուրքիան երես չի թեքում ՆԱՏՕ-ից»․ Հուլուսի Աքար
Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը չի նշանակում, որ Անկարան երես է թեքում ՆԱՏՕ-ից: Այդ մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը։
Համաձայն Աքարի՝ Թուրքիան ունի С-400 համակարգերի կարիքը և չի պատրաստվում հրաժարվել դրանք ձեռք բերելուց։
Նա նաև նշել է, որ Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է հանդիսանում։
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կարող է փորձագետներ ուղարկել՝ համոզվելու, որ С-400 համալիրները սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:
«Թեև ԱՄՆ-ն կոչ է անում մեզ չգնել ռուսական զենիթահրթիռային համակարգերը, սակայն երաշխիքներ չի տրամադրում, որ մեզ կվաճառի Patriot ՀՕՊ համակարգերը»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող միևնույն ժամանակ ունենալ ամերիկյան F-35 կործանիչ ռմբակոծիչներ և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, քանի որ դա տեխնիկապես անհնար է:
Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով՝ նրանք С-400 զենիթահրթիռային համակարգերը կստանան նախատեսված վերջնաժամկետից ավելի շուտ։ Ավելի վաղ, ակնկալվում էր, որ Թուրքիան առաջին С-400 հակաօդային պաշտպանության համակարգը կստանա այս տարվա հուլիսին:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նաև տեղեկացրել է, որ С-400 զենիթահրթիռային համակարգերը կտեղակայվեն 2019 թվականի հոկտեմբերից։
