Վրաց պատրիարքությունն իշխանություններին կոչ է արել խուսափել ակնհայտ բռնի գործողություններից
Վրաց պատրիարքությունը քաղաքացիներին կոչ է արել չտրվել հուզականությանը, իսկ իշխանություններին` բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ առավելագույն զսպվածություն, հաղորդում է sputnik-georgia-ն:
«Այսօր խորհրդարանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները հասարակության մեջ արդարացի բողոք են առաջացրել: Ցավոք, Վրաստանի խորհրդարանի առջև իրականացվող գործողությունն արդեն իսկ կտրուկ շրջադարձ է ստացել, և մենք կոչ ենք անում իշխանություններին քաղաքացիների նկատմամբ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և խուսափել ակնհայտ բռնի գործողություններից: Մենք կոչ ենք անում նաև քաղաքացիներին գիտակից լինել և չտրվել հուզականությանը: Պետք է վերլուծել առկա իրավիճակը, գնահատել և ճիշտ քայլեր ձեռնարկել»,- ասված է Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ:
Վրաց եկեղեցին նաև կոչ է արել կողմերին, լրագրողներին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսին` անել ամեն ինչ, որպեսզի «իրավիճակը չդառնա անվերահսկելի, և երկիրը չհայտնվի մեծ վտանգի մեջ»:
