Ոստիկանները բացահայտել են Մարալիկում 10-տարի առաջ կատարված գողությունը
Ոստիկանները բացահայտել են 2009 թ. դեկտեմբերի 8-ին Մարալիկի Դերժինսկու փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութ-կրպակից պահեստամասերի գողության դեպքը: Մինչ այժմ տարաբնույթ միջոցառումներ էին ձեռնարկվել, սակայն հանցագործին հայտնաբերել չէր հաջողվել:
Որողական աշխատանքները շարունակվել են և տարիներ անց, ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ, գողությունը բացահայտվել է: Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գաղտնի հափշտակությունը կատարել է Երևանի Ներքին Շենգավիթի բնակիչ Զոհրաբ Գ-ն և շուկայականից էժան գներով գողոնը վաճառել Երևանում ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող տարբեր խանութներում:
Մայիսի 31-ին Զոհրաբ Գ-ն հրավիրվել է ոստիկանություն և ներկայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: