«Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած դանակահարության միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի. խոսնակ
Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց այսօր տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը: Այնուհետ նա հավելել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:
«Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան - Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝ հավաստիացնում եմ, որ այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի:
Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում: Ուստի, հորդորում եմ դավադրության տեսություններ այստեղ չփնտրել:
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրությունը չի բաժանում յուրայինների և օտարների: Կոչ ենք անում բոլորին հանդարտություն պահպանել, իսկ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կպարզեն իրավապահ մարմինները»,-գրել է Պողոսյանը:
