Մարտական մեքենաներից դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտին և երկու զինծառայողի
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, Առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում փաստական տվյալներ են ձեռք բերվել, ավագ լեյտենանտ Ղամբարյանը, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում՝ որպես պահակախմբի պետ, գողություն կատարելու նպատակով պարտադիր ժամկետային զինծառայողներ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի հետ միասին մուտք է գործել զորամասի պահակակետ և չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ պահակային ծառայություն իրականացնող պահակակետի ժամապահ, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ.Հովհաննիսյանին կարգադրել է չմիջամտել և չխանգարել իրենց գործողություններին, որից հետո վերջինս, խախտելով պահակային ծառայությունների կանոնագրքի կանոնները, հեռացել է պահակային ծառայություն կրելու վայրից: Այնուհետև ավագ լեյտենանտը երկու զինծառայողների հետ միասին 11 մարտական մեքենաների վառելիքի բաքերից ռետինե խողովակի միջոցով գաղտնի հափշտակել ընդհանուր 240 լիտր դիզվառելիք:
Ա.Ղամբարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Ռ.Սարուխանյանի և Վ.Աբրահամյանի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
