ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարումը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է կատարել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պայմանները, թեև երկրում ցածր հարստացված ուրանի և «ծանր ջրի» պաշարները մեծանում են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով կազմակերպության զեկույցը, Իրանի ցուցանիշները չեն գերազանցում սահմանագիծը, որը նշված է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում:
Սա ՄԱԳԱՏԷ-ի առաջին զեկույցն է, որը ներկայացվել է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարարել է ցածր հարստացված ուրանի արտադրության մեծացման և միջուկային գործարքից մասնակիորեն հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին՝ միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, Իրանը ևս հայտարարել է իր պարտավորվածությունների մասնակի չեղարկման մասին:
