Զելենսկին փոփոխություններ է մտցրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմում
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին փոփոխություններ է մտցրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմում, գրում է ria.ru-ն՝ երկրի ղեկավարի պաշտոնական կայքին հղումով:
«Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահն այսուհետ Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին է՝ Ուկրաինայի նախագահը»,- ասված է համապատասխան հրամանագրի տեքստում:
Զելենսկին Անվտանգության խորհրդի կազմում ներառել է առաջին փոխնախագահ Իվան Բականովին, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին, վարչակազմի ղեկավարի տեղակալներ Վադիմ Պրիստայկոյին և Ռուսլան Ռյաբոշապկային, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովային, ինչպես նաև Գլխավոր շտաբի նոր պետ Ռուսլան Խոմչակին:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմը լքել են Ալեքսանդր Տուրչինովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Իգոր Ռայնինը, Գլխավոր շտաբի նախկին պետ Վիկտոր Մուժենկոն և տեղեկատվական քաղաքականության նախարար Յուրի Ստեցը:
