Առաջարկվում է թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ դրամական օգնություն տրամադրել
ՀՀ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ փոփոխությունները կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը:
«Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի՝ զոհ երեխաների միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացը»,-ասաց Գասպարյանը:
Ըստ փոխնախարարի՝ փոփոխության արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչև 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով:
