«Մարտի 1»–ի գործով քննչական խմբի ղեկավարն ինքնաբացարկ է հայտնել Ռ.Քոչարյանի գործով բողոքը քննող Վազգեն Ռշտունուն
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ բողոքը, և երեկ կայացած նիստի ընթացքում «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, ով բողոքը ներկայացրել է դատարան:
«Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար դատախազությունը ժամանակ է խնդրել: Հաջորդ դատական նիստը հունիսի 3-ին է»,-տեղեկացրեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Վազգեն Ռշտունին օգնել է դատավոր Դավիթ Գրիգորյանին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացնելիս: Հրապարկումներին ի պատասխան՝ Վազգեն Ռշտունին լրագրողների հետ զրույցում նշել էր. «Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել ինձ հետ, որովհետեւ բողոքը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Բայց այս դեպքում չեմ կարողանում հասկանալ, ես գործը քննող դատավորի հետ հարաբերություններ չունեմ»:
Ռշտունու խոսքով՝ գուցե մարդիկ կան, որոնց ինքը խանգարում է, և այդ պատճառով են նման լուրեր շրջանառում:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
