Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց այդքան կոռեկտ պատասխանեցի. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողներին վիրավորելու մասին
Ղարաբաղի հարցը մեր համար լուծված է ու փակված։ Ժողովուրդը Արցախի հարցը կարգավորել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Մենք ոչ մի մտահոգություն չունենք, ինչ պետք էր, Արցախի ժողովուրդն արել ա, միայն մնում ա միջազգային ճանաչում»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին, ապա Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Արցախը անկախ պետություն է, իրենք միշտ եղել են բանակցության մեջ, հիմա պետք է ավելի օֆիցիալնի լինեն, և այդ հիմնական խնդիրը լուծված ա»,- նկատեց նա:
Անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը, որով պաշտոնյաներին, այդ թվում՝ Ծառուկյանին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել լրագրողների հանդեպ, քանի որ օրեր նա լրագրողներին վիրավորել էր՝ նշելով, որ անկապ հարցեր են տալիս, այնուհետև մեղադրել էր պատվեր կատարելու մեջ, ասաց. «Էդ կոչ անողներն առաջինը թող իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը հարգարժան մարդուն հարց տալ: Ես չեմ խուսափում հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա։ Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց այդքան կոռեկտ պատասխանեցի»,- ընդգծեց նա՝ պատմելով, որ լրագրողները պարբերաբար իրեն հարցնում են Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից ու «Մարտի 1-ից»:
«Լավ, անհարմար չէ՞։ Էսօր եքա տնտեսություն ա հզոր, հեղափոխություն ա եղել, ժողովուրդը սպասելիք ունի, որ ինչ-որ մի լավ բան պիտի լինի։ Տնտեսություն ասեք, հարկային դաշտ ասեք, ներդրումներ ասեք, մի բան ասեք։ Ոչ մի բան չեք ասում, ես ուզում եմ, որ մեր տեսակետը, առաջարկը ասենք, որ ժողովրդին ոգևորենք, որ լավ քայլ ենք կատարելու։ Մարդիկ էսօր չեն կարողանում ապրեն, վարկերի տակ ճռռում են»,-ընդգծեց ԲՀԿ նախագահը։
