Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը
«Առնվազն մեկ տարի է, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում: Այդ պատասխանատու գործընթացը Հանրապետության նախագահն իրականացրել է հրապարակային ու ժողովրդավարական գործելաոճով՝ հավատարիմ մնալով իր սահմանադրական լիազորություններին, պահպանելով սահմանադրական նորմերը և ելնելով անաչառության և օբյեկտիվության սկզբունքներից: Հնարավոր թեկնածուների առաջարկներ և հավակնորդների վերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով Հանրապետության նախագահը նախաձեռնել է օրենքին չհակասող մի շարք ընթացակարգեր, հանդիպել երկրի իրավական ոլորտի բազմաթիվ մասնագետների, իրավաբանական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ գիտական ու փաստաբանական շրջանակների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Նախագահականից նշում են, որ մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ:
«ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը փաստորեն սահմանափակվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ընդամենը մի քանի անհատ իրավաբանների շրջանակով: Կարևորելով իրավական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա, հենվելով իր և իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաև ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը», - ասված է հաղորդագրությունում:
Նախագահը հույս է հայտնել, որ, ընտրվելով ՍԴ դատավոր, Վահե Գրիգորյանն իր ավանդը կներդնի Սահմանադրական դատարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման, սահմանադրական արդարադատության, օրենքով Բարձր դատարանի դատավորին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման գործում:
Հաղորդագրության հետգրությունում նախագահականը նշում է. - «Հաշվի առնելով անցած մեկ տարվա փորձը, Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը՝ նկատի ունենալով Սահմանադրության 138-րդ հոդվածում (Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը) առկա կարգավորումների տրամաբանությունը»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստացել է նախագահի գրությունը։
Ազգային ժողովը մայիսի 29-ին մերժեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Վաղարշյանը Արմեն Սարգսյանի ներկայացրած չորրորդ թեկնածուն էր. Ազգային ժողովը չէր հաստատել նաև նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին և Էմիլ Բաբայանին։
