Թրամփը մոտ 1,5 ժամ է ծախսել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի մոտ 1000 շրջանավարտների ձեռքը սեղմելու համար (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիա, որտեղ հանդիպել է մոտ հազար շրջանավարտի հետ և չի զլացել ձեռքով բարևել յուրաքանչյուրին, գրում է Daily Mail-ը: Նա մոտ 1,5 ժամ է ծախսել մոտ 1000 շրջանավարտների ձեռքը սեղմելու համար:
«Նրանք ինձ ասացին, որ ընտրության հնարավորություն ունեմ, և ցանկության դեպքում կարող եմ ձեռքով ողջունել կուրսանտներից ամեն մեկին: Ես համաձայնել եմ ձեռքով բարևել մոտ հազար կուրսանտներից յուրաքանչյուրին»,-բարձր ծափահարությունների ներքո ասել է նախագահը:
Իր ելույթում նա ընդգծել է, որ «ապագայում գերիշխող դիրք ունենալու համար ԱՄՆ-ն պետք է լինի երկնքի տիրակալ»:
«Ահա դրա համար եք դուք այսքան ժամանակ անցկացրել այս ակադեմիայում, որպեսզի սովորեք, ադապտացվեք և հաղթեք, հաղթեք և ևս մեկ անգամ հաղթեք: Դուք դեռ այնքան շատ եք հաղթելու, որ նույնիսկ հոգնելու եք դրանից: Սակայն չեմ կարծում, որ մենք երբևէ կհոգնենք հաղթանակներից»,-ասել է Թրամփը:
