Թրամփն ապօրինի ներգաղթյալների պատճառով Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար 5% մաքսատուրք է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար 5% մաքսատուրքի սահմանման մասին:
Թվիթերյան գրառման մեջ նախագահը պարզաբանել է, որ մեքսիկական ապրանքների համար մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի իշխանությունները չեն դադարեցրել Կենտրոնական Ամերիկայից ապօրինի ներգաղթյալների մուտքը երկրի տարածք, որոնք այնուհետև շարժվում են դեպի Միացյալ Նահանգների սահման:
Թրամփը նշել է նաև, որ քանի դեռ ներգաղթի ճգնաժամի խնդիրը լուծված չէ, մաքսատուրքն աստիճանաբար կաճի, իսկ ուժի մեջ կմտնի արդեն հունիսի 10-ից:
ԱՄՆ նախագահի որոշման առնչությամբ այսօր՝ մայիսի 31-ին, Մեքսիկայի արտգործնախարար Մարսելո Էբրարդի գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներ կմեկնի՝ բանակցություններ վարելու:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ամերիկացի իր պաշտոնակցին ուղղված նամակում նշել է, որ սոցիալական խնդիրները հարկերով կամ հարկադրական միջոցներով չեն լուծվում, և կոչ է արել խաղաղ ճանապարհ փնտրել գոյություն ունեցող հակասությունների լուծման համար:
Մեքսիկայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարի զգալիորեն աճել է Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի և այլ տարածաշրջանների երկրներից Մեքսիկայի տարածք մուտք գործած ներգաղթյալների թիվը, որոնք ցանկանում են ի վերջո ԱՄՆ-ում հայտնվել: Նախարարության գնահատականով՝ խոսքը 300 000 մարդու մասին է: Նման ցուցանիշ գրանցվել է ընթացիկ տարվա միայն առաջին եռամսյակում:
