Դրուզը ներողություն է խնդրել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման խմբագրությանը կաշառելու սկանդալային փորձի համար
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի ամենահայտնի գիտակներից մեկը՝ Ալեքսանդր Դրուզը, ներողություն է խնդրել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ռուսական տարբերակի խմբագրությանը կաշառելու սկանդալային փորձի համար:
Ինչպես նշում է iz.ru-ն, այս մասին ասվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ակումբների միջազգային ընկերակցության կառավարման խորհրդի նիստի զեկույցում:
«Ցավում եմ, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման շրջանակում իմ գործողությունները վնասել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ակումբների միջազգային ընկերակցության հեղինակությանը: Ներողություն եմ հայցում կազմակերպությունից, ինչպես նաև բոլոր նրանցից, ում իմ մասնակցությունը պատճառել է հեղինակային, բարոյական և այլ տեսակի վնաս»,- գրել է Դրուզը:
Աղբյուրը հավելում է, որ նիստի շրջանակում Դրուզը վայր է դրել ակումբի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահի լիազորությունները, սակայն պահպանել է կազմակերպության փոխնախագահի պաշտոնը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել էր Ալեքսանդր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: Այդ մասին Բերը պատմել էր «Живой журнал»-ում՝ ներկայացնելով իր ու Դրուզի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Բերը պատմել էր, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահման մի մասը:
Բերը նշել էր, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել:
Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել էին վերջին՝ 15-րդ հարցին ու չէին կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել էին 200 000 ռուբլի շահումով:
