«Իրավունք». Հիմա էլ «Իմ քա՞յլն» է դեմ ըլլալով՝ կողմ
«Երկար «չեմուչումից» հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին Երևանում: Դրան էլ նախորդել էր Ս. Զասի նշանակման մասին քննարկումը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով, որի ժամանակ առնվազն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ժպիտը հուշում էր, որ Հայաստանը դեմ չէ:
Ի վերջո, Հայաստանը տվե՞լ է իր համաձայնությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությանը, թե իշխանությունը մնացել է ամիսներ առաջ իր արտահայտած դիրքորոշմանը, հետաքրքրվեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանից:
-Դեռ կես տարի կա և գուցե Բելառուսը մտափոխվի և հանի իր թեկնածուին: Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ի կանոնադրության որոշ բացերը փակել և առաջարկություններ անել՝ այս անհեթեթ իրավիճակի հետ կապված, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ դադարեցնում է գործունեությունը, և այլևս հստակ չէ, թե ինչ է լինելու:
Իսկ ինչ վերաբերում է Զասին, ապա կա պրոցեդուրա: Երբ այդ հարցը կգա, Հայաստանը իր դիրքորոշումը կներկայացնի: Մենք ո´չ կողմ ենք, ո´չ դեմ ենք: Այսօր էական չէ՝ որևէ երկիրը կո՞ղմ է, թե դեմ է, որովհետև կա ընտրելու գործընթաց:
-Պարոն Իգիթյան, բայց լուրեր են շրջանառվում, որ ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանը փոխհամաձայնության է եկել, որ կընդունեն Ստանիսլավ Զասի թեկնածությունը, եթե մինչև 2020 թվականին ՀԱՊԿ նոր քարտուղար չընտրվի: Ի՞նչ կասեք այս մասին:
- Նայեք, թե ինչ է եղել. ՀՀ թեկնածուն հայտնի դեպքերից հետո դադարեց լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որից հետո վակուումային իրավիճակ ստեղծվեց, քանի որ կանոնադրությունը պատասխան չէր տալիս: Սա հարց չէ՝ Հայաստանն ուզում է, թե չի ուզում, այլ Հայաստանն ասում էր, որ նման իրավիճակը պետք է կանոնակարգվի կանոնադրությամբ, և առաջարկեց իր տարբերակը, որը բոլորի համար է: Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ-ն որևէ պայմանավորվածության չի գնացել, որևէ համաձայնություն չի տվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
