«Փաստ». Իշխանությունը 24 ժամ ժողովրդավարությունից խոսելով՝ դրան հակառակ քայլեր է անում. քաղաքագետ
«Նախագահի ու վարչապետի միջև ընդգծված հակասություն կա, ինչի հետևանքով յուրաքանչյուրն ուզում է իր օրակարգը թելադրել, իր կադրերին առաջ բերել: Այս կարծիքին է քաղաքագետ Արամ Ավետիսյանը, որը վերոնշյալով է պայմանավորում այն փաստը, համաձայն որի՝ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի անդամ չընտրվեց:
«Ընդհանրապես, առողջ քննարկումների արդյունքում է որոշվում ընտրել, թե չընտրել տվյալ թեկնածուին: Բայց մեզ մոտ չընտրելը ժողովրդավարության և նման քննարկումների տրամաբանության մեջ չէ: Մեզ մոտ խնդիրն «ում կադրն է» շրջանակում է դրված: Այս առումով նախագահի ու վարչապետի միջև տարաձայնություններ կան:
Իսկ նախագահը քիչ լիազորություններ ունի ու փորձում է գոնե այդ նվազագույն լիազորությունները կյանքի կոչել քաղաքական առումով դեր ունենալ:
Ընդհանրապես, Ա. Սարգսյանի ու Ն. Փաշինյանի միջև շատ մեծ տարբերություն կա. ի տարբերություն Փաշինյանի՝ Ա. Սարգսյանը շատ լուրջ քաղաքական հետագիծ ունի, հավասարակշռված անձնավորություն է, ինչն իր քայլերից ևս ակնհայտ է: Նա նորեկ չէ, դիլետանտ չէ, և ցանկացած իշխանության օրոք իր սեփական խաղը խաղացող ֆիգուր է: Ինքն ունի իր սեփական օրակարգը և իր սեփական խաղն է խաղում, ինչը կապված է աշխարհաքաղաքական կենտրոնի հետ: Իսկ Ն. Փաշինյանին թվում է, որ ինքն ամեն ինչ պետք է վերահսկի և ամեն ինչ պետք է կախված լինի իրենից: Իր քայլերն են դրանք ցույց տալիս, և վերջին օրինակը դատական իշխանության դեմ իրականացրած ոտնձգությունն էր: Մարդն ամեն օր խոսում է ժողովրդավարությունից, բայց հակաժողովրդավարական քայլեր է անում՝ դրանով ցույց տալով իր իրավագիտակցության մակարդակը: Նա այդպես էլ չհասկացավ, որ խնդիրն ինչ-որ մի անհատի լավ կամ վատ ցանկության մեջ չէ, այլ խնդիրն ինստիտուցիոնալ փոփոխությունների համար անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Ա. Ավետիսյանը շեշտեց նաև փոխզսպումների մեխանիզմի կիրառման կարևորության մասին. «Ն. Փաշինյանը միշտ մոռանում է նաև այն, որ ցանկացած իշխանություն ունեցող մարդ հակված է չարաշահելու այդ իշխանությունը՝ անկախ նրանից՝ ինքը լավ, թե վատ մարդ է: Իսկ որպեսզի իշխանությունը չչարաշահվի, մարդիկ չկտրվեն իրականությունից, պետք է ներդրվի փոխզսպումների մեխանիզմը:
Հենց այստեղ է իշխանության տարանջատման խնդիրը: Ըստ Մոնտեսքյոյի՝ երբ իշխանության երկու ճյուղերը կենտրոնացվում են մի ձեռքում, արդյունքում բռնապետության է վերածվում: Հիմա մենք այդ ճանապարհին ենք: 24 ժամ ժողովրդավարությունից խոսելով՝ դրան հակառակ հակաիրավական քայլեր են անում՝ սեփական իշխանությունը հաստատելու և այդ իշխանությունն ամրապնդելու համար: Սա շատ վատ գործընթաց է, ինչի արդյունքներն անկանխատեսելի են»: Քաղաքագետը նշեց, որ քաղաքական օրակարգում արծարծվող մի շարք հարցեր ընդամենը տեխնոլոգիաներ են:
«Գործադիր իշխանությունը դեկտեմբերին ճնշեց օրենսդիր իշխանությանը: Հիմա նույն տարբերակն է կիրառվում: Թեև ԱԺ-ում այլևս ՀՀԿ-ն չկա, այդուհանդերձ, պետք է հասարակությանը շեղել: Վեթինգ, անցումային արդարադատություն ասվածներն իրականում երկարատև և անիրատեսական գործընթացներ են Հայաստանի դեպքում: Դրանք մեզ մոտ այդքան հեշտ չեն կարող կիրառվել: Այդ ամենն արվում է պարզապես հասարակությանը ներկա օրախնդիր հարցերից շեղելու և ժամանակ ձգելու համար: Բայց հասարակության մեծ մասն էյֆորիկ վիճակից արդեն դուրս է եկել, այդ պատճառով էլ տեխնոլոգիան նույն արդյունքը չգրանցեց՝ նախկինում կիրառվածն այս անգամ չաշխատեց»,-ասաց մեր զրուցակիցը:
Տեխնոլոգիաների շարքին այլ հանգամանքներ էլ է դասում: «Ասում են՝ վարչապետը թիմ ու կադրեր չունի, բայց սա ևս տեխնոլոգիա է, որովհետև եթե վարչապետն ուզում է ունենալ պրոֆեսիոնալ թիմ, հաստատ կգտնի: Ուղղակի իրեն պետք է այն թիմը, որն այսօր ունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
